Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Յուրօրինակ ծննդյան նվեր Շառլ Ազնավուրին

Յուրօրինակ ծննդյան նվեր Շառլ Ազնավուրին
06.06.2017 | 04:59

Մեր աշխարհահռչակ հայրենակից Շառլ Ազնավուրը դարձավ 93 տարեկան: Հայ ժողովրդի անմնացորդ սիրո մի հերթական դրսևորում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգը՝ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով՝ նվիրված շանսոնիեի տարեդարձին: Ծրագրում ներառված էին Ազնավուրի հանրահայտ երգերը՝ բնագիր ֆրանսերեն, ինչպես և անգլերեն, ռուսերեն, իտալերեն, հայերեն թարգմանված տեքստերով: Երկու բաժնից բաղկացած համերգի ընթացքում հանդես եկան օպերային, էստրադային երգիչներ, գործիքային կատարողներ, որոնք յուրօրինակ ոճավորմամբ ներկայացրին բոլորիս ծանոթ, բոլորիս համար սիրելի երգերը: Երեկոն վարում էր Հայկ Պետրոսյանը՝ սահուն անցումներով մեծադիր էկրանից հայտնվելով բեմին ու կրկին վերադառնալով ֆրանսիական բոհեմի ու Ազնավուրի բնօրրանի պատառիկ-պատկերներով հագեցած էկրան, ընթերցելով Ազնավուրի գրքից հատվածներ ու կատարելով նրա երգերը՝ խիստ հիշեցնելով իր տաղանդավոր հորը՝ Վարդան Պետրոսյանին, ում հայտնվելը էկրանին առիթ դարձավ բուռն ծափահարությունների. սիրելի արտիստին կարոտած հանդիսատեսն անբռնազբոս էր իր վերաբերմունքն արտահայտելիս:


Զուգերգերի, մեներգերի և գործիքային կատարումներով դահլիճը ազնավուրյան շնչով ողողեցին հայաստանցի և սփյուռքահայ երաժիշտներ Սոնա Ռուբենյանը, Հայկ Տիգրանյանը, Սարգիս Աղամալյանը, Իլոնան, Արամեն, Անդրեն, Գևորգ Հակոբյանը, Գուրգեն Բավեյանը, Արծվիկ Դեմուրճյանը, Մհերը, Մաշա Մնջոյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռեբեկա Դեմիրկյանը, Սյուզի Մելքոնյանը, Պերճ Թուրաբյանը (վերջինս Ազնավուրի երգերի հայերեն թարգմանությունների հեղինակն է), Նաիրի Գասպարյանը, Պերճ Քարազյանը, Ավո Խալաթյանը, Նունե Բադալյանը, Ալյա Սեդրակյանը, Տիգրան Քախվեջյանը, Սիրանուշ Գասպարյանը, Արման Նշանյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Նարինե Անանիկյանը, Արամոն, Գոռ Սուջյանը, «Օպերա Վիվա» խումբը, Արթուր Գրիգորյանի երգի թատրոնի երգիչները, Կարեն Անանյանը (դաշնամուր), Կամո Սեյրանյանը (դուդուկ), այլք:


Մենակատարներին նվագակցում էր վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նվագախումբը և նրա գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իրենց պրոֆեսիոնալիզմով ու արտիստիզմով ապահովեցին ազնավուրյան երաժշտության և տրամադրության անսովոր մատուցման ներդաշնակությունը:
Համերգին ներկա էր ինքը՝ մեծն Շառլ Ազնավուրը, որ ոչ միայն բեմում ելույթ ունեցողներին, այլև իր արվեստի երկրպագուներին էր արժանացնում ջերմ վերաբերմունքի՝ աջ ու ահյակ թեքվելով ու բարեժպիտ ողջունելով ընդարձակ դահլիճում հավաքված բոլոր ունկնդիրներին:
Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Կարեն Կարապետյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի, գիտության հայտնի գործիչներ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Համերգի կազմակերպիչներին չէր խանգարի ավելի նրբանկատ լինել լրագրողների հանդեպ, որովհետև իրենց իրականացրած բոլոր նախագծերը չէ, որ կապված են լինում Շառլ Ազնավուրի նման նվիրական անունների հետ և մեզ հեռու են պահում մեծ ու փոքր բացթողումներն անաչառորեն արձանագրելուց:

Դիտվել է՝ 4702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ